24 սեպտեմբերի 2020 - 15:10 AMT
Մոսկվայի շրջանից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրումը մոտ 3 անգամ կէժանանա

Հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի մոտ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Համապատասխան համաձայնագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Պոչտա Ռոսիի» ընկերության ղեկավար Մաքսիմ Ակիմովի ու «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ։

«Սա լավ հնարավորություն է ինչպես քաղաքացիների, այնպես էլ էլեկտրոնային առևտրով զբաղվող փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար»,- ասվում է գրառման մեջ։

Ըստ նոր համաձայնագրի՝ 2020-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար ծանրոցների փոխադրումը Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ կնվազի մոտ 3 անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 2950 դրամ (420 ռուբլի), նախկին՝ 8820 դրամի (1200 ռուբլի) փոխարեն: Ամեն հավելյալ կիլոգրամը կարժենա 1250 դրամ (180 ռուբլի): Հայաստանի մյուս մարզերից Ռուսաստանի այլ մարզեր ծանրոցների փոխադրման սակագինը կնվազի 1․5 անգամ. այն կկազմի 1 կգ-ի համար 6000 դրամ (860 ռուբլի)՝ նախկին 8820 դրամի փոխարեն, ամեն հաջորդ կիլոգրամի համար գինը կկազմի 1500 դրամ (215 ռուբլի):

Համաձայնագրի նպատակը երկու երկրի միջև ապրանքաշրջանառության տնտեսական խոչընդոտները վերացնելու հաշվին էլեկտրոնային առևտրի ծավալի ավելացմանը նպաստելն է, նաև Հայաստանում ու Ռուսաստանում փոքր ու միջին բիզնեսի համար ավելի մրցունակ միջավայր ստեղծելը։