24 սեպտեմբերի 2020 - 17:27 AMT
Պետությունը Մանվել Գրիգորյանի նվիրաբերած գույքը չի ընդունել

Պետությունը նպատակահարմար չի գտել որպես նվեր ընդունել Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող գույքը։ Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նրա խոսքով` նվիրաբերելու մասին հայտարարություններն արվել են Գրիգորյանի փաստաբանների կողմից, բայց պետությունը գույքը որպես նվիրատվություն ընդունելու որոշում չի կայացրել։

«Դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը նվեր ընդունի այդ գույքը»,– Sputnik Armenia-ի փոխանցմամբ, ասել է Բաբայանը։

2018-ին Գրիգորյանը դիմել էր կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը, որում 25 առանձին սեփականության վկայականով գույք կա։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։