13 փետրվարի 2009 - 16:35 AMT
Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են Կովկասյան եւ Սեւծովյան տարածաշրջանների անվտանգության ամրապնդման հարցում
«Անցյալ տարվա օգոստոսյան ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարեւոր է բոլոր երկրների կողմնորոշումը կովկասյան տարածաշրջանում նման սպառնալիքների առաջացման դեպքում, ու նաեւ ցույց տվեց, որ մենք ընդունակ ենք ինքնուրույն, առանց ոչ տարածաշրջանային տերությունների մասնակցության, գլուխ հանելու Կովկասի խնդիրներից»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդեւը բարձրագույն մակարդակով ռուս-թուրքական բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսին:

ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են Կովկասյան եւ Սեւծովյան տարածաշրջանների անվտանգության ամրապնդման հարցում: «Մենք միանգամայն համամիտ ենք մի շարք դիրքերում, որոնք կարող են ամրապնդել այդ անվտանգությունը, մենք ողջունում ենք մի շարք նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել մեր թուրք գործընկերները»,- ասել է նա:

Մեդվեդեւը պարզաբանեց, որ խոսքը գնում է Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի վերոհիշյալ առաջարկի մասին:

«Մենք տեսնում ենք դրա իրագործման հնարավորությունը եւ առավել հաճախակի, երբեմն ոչ պաշտոնական երկխոսություն վարելու, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ խնդիրների լուծմանը նպաստելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: