26 սեպտեմբերի 2020 - 10:33 AMT
Փաշինյանը՝ ՄԱԿ-ում․ ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակման որոշել իր կարգավիճակը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում պետք է ընկած լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

«Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն»,- հայտարարել է վարչապետը։

Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի օրերին՝ հուլիսին, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հիշեցնելով, որ այդ երկրի ՊՆ-ից հրթիռային հարված հասցնելու սպառնալիք էր հնչել, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի:

2020-ի հուլիսի 12-ից 16-ը Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել ՀՀ-ի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Դրանց հետևանքով հայկական կողմը 5 զոհ ունեցավ, ադրբեջանցիները հայտարարեցին 12-ի մասին։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը նաև հայտարարել էր Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը: Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության ընթացքում Թուրքիայի կեցվածքին՝ նշելով, որ այդ երկիրն անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:

2020-ին նշվում է ՄԱԿ հիմնադրման 75-ամյակը։ Փաշինյանն իր ելույթում բարձր է գնահատել ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: