13 փետրվարի 2009 - 18:41 AMT
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հրապարակել է իր առաջին զեկույցը
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հրապարակել է 2009թ. հունվարի արդյունքներով իր առաջին զեկույցը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հաշտարարը պարտավոր է ամփոփել իր կողմից ձեւավորած նախադեպը եւ յուրաքանչյուր ամիս` մինչ հաջորդ ամսվա 15-րդ օրը, հրապարակել այն: Ֆինանսական համակարգի հաշտարարն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ին: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը հունվարին ստացել է յոթ բողոք, որոնցից միայն մեկը՝գրավոր:
Ստացված բողոքներից երեքը՝ օրենքի համաձայն, ենթակա չէին քննության Հաշտարարի կողմից, չորսի բողոքների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Նշված չորս բողոքներից երկուսը վերաբերում էին բանկի եւ վարկային կազմակերպության կողմից վարկի գումարի ամսական մարումների չափի/տոկոսագումարների սխալ հաշվարկմանը: Մեկ բողոքը վերաբերում էր հաճախորդի վարկային գծից կատարված ավել գանձումներին, եւ վերջին դիմորդի պահանջը ներկայացված էր ապահովագրական ընկերության դեմ, որը հրաժարվում էր փոխհատուցել վթարի հետեւանքով վնասված մեքենայի ծախսը:
Հաշտարարի կողմից քննության ենթակա պահանջներ ներկայացրած դիմորդներին գրասենյակի աշխատակիցները տվել են պարզաբանումներ, եւ խորհուրդ են տվել նախ դիմել այն ֆինանսական կազմակերպություններին, որոնց դեմ ուղղված է բողոքը: Այդ հաճախորդների ներկայացրած բողոք-պահանջների հետագա ընթացքը ներկայումս վերահսկվում է Հաշտարարի գրասենյակի կողմից: