27 սեպտեմբերի 2020 - 08:57 AMT
Արցախի նախագահի խոսնակ. Հակառակորդը հրետակոծում է նաև Ստեփանակերտը

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել:

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակն օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները, ըստ անհրաժեշտության, կամփոփվեն և կհաղորդվեն: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ նշել էր, որ Ադրբեջանն Արցախի ուղղությամբ նաև օդային և հրթիռային հարձակում է սկսել։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և 3 անօդաչու թռչող սարք։