28 սեպտեմբերի 2020 - 14:35 AMT
Թանկյանն աջակցություն է հայտնել ԼՂ-ին ու կոչ արել դադարեցնել ադրբեջանական ագրեսիան

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2016-ին իր գրած «Արցախյան երգի» դեմո տարբերակը՝ աջակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղին ու կոչ անելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան։

«Քանի որ Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց ադրբեջանական նավթաօլիգարխիկ ղեկավարության վերջին ագրեսիայից, ես մտածեցի «Արցախյան երգի» մասին, որ գրել եմ ու կատարել 2016-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մեր մշակույթը հազարամյակներով պահպանել է մեր ազգը և մենք այս փորձանքն էլ այդպես կհաղթահարենք»,- գրել է Թանկյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։