28 սեպտեմբերի 2020 - 16:53 AMT
Դեսպան․ ՀՀ-ն կարիքի դեպքում զենքի մատակարարման հարցով կդիմի ՌԴ-ին, բայց դեռ խոսք չկա

Հայաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել Մոսկվային՝ ռուսական զենքի նոր մատակարարումների համար, սակայն, դեռևս այդ մասին խոսք չկա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

«Դեռևս խոսք չկա ՀՀ-ին արտաքին ռազմական օգնության մասին»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Տողանյանը շեշտել է, որ Երևանն ու Մոսկվան դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով։ «Մեր ռազմատեխնիկական համագործակցութունը զարգանում է, զենքի առաքման վերաբերյալ պայմանավորվածություններն իրացվում են նորմալ ռեժիմով։ Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, ունենք 3-րդ կողմ՝ Թուրքիան։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա, անշուշտ, կդիմենք և կլուծենք հարցը (զենքի լրացուցիչ մատակարարման մասին)»,-ասել է Տողանյանը։

Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Սերգեյ Լավրովի հետ՝ «տեղեկացնելով արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի մասին և ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետն ու ձեռնարկվող քայլերը»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։