28 սեպտեմբերի 2020 - 23:47 AMT
Փաշինյանը Մերկելին կոչ է արել ջանալ Թուրքիային սանձելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կոչ է արել ջանալ՝ Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում ներգրավվածությունը բացառելու համար:

Վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում:

Գերմանիայի կանցլերը, իր հերթին, խորը մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Մերկելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։