29 սեպտեմբերի 2020 - 14:44 AMT
Մխիթարյանի կոչը միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Արցախում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերին, կոչ է արել միջազգային հանրությանը, դաշնակիցներին, անհապաղ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Լեռնային Ղարաբաղում ծանր մարտերը շարունակվում են, շատ զոհեր կան երկու կողմից։ Ռմբակոծվում է նաև ՀՀ տարածքը։ Խստորեն դատաարտում եմ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսված Ադրբեջանի հարձակումը խաղաղ բնակչության դեմ։

Մարդկայնության դեմ այս բռնության և ոճրագործության դադարեցումը կենսական նշանակություն ունի։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունն այս հարձակմանը, այդ թվում ՝ հայերի դեմ գրոհելու համար օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։