29 սեպտեմբերի 2020 - 18:05 AMT
ՊՆ․ Հակառակորդը 3 ժամում ևս 12 տանկ է կորցրել

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։45-ի դրությամբ, նախորդ 3 ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ, մյուս կորուստների թիվը ճշտվում է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին»,- գրել է նա։

Սեպտեմբերի 29-ի կեսօրի դրությամբ Արցախում, ըստ լրացվող տվյալների, հայկական կողմի գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել էր 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։