29 սեպտեմբերի 2020 - 23:31 AMT
Բայդեն․ Թրամփի վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից դուրս մնալ ԼՂ խնդրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի դուրս մնալ Ղարաբաղյան հակամարտությունից։ Այս մասին հայտարարել է Ջո Բայդենը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակիցը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության և զոհերի կտրուկ աճի ֆոնին Թրամփի վարչակազմը պետք է հորդորի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ դեէսլակալացնել իրավիճակը։

Բայդենը թվիթերյան իր գրառմանը կցել է Էրդողանի հայտարարությունը, որ ժամանակն է՝ Հայաստանը հետ քաշվի «ադրբեջանական հողերից»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է ոչնչացվել ադրբեջանական կողմի հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Ավելի ուշ Հայաստանի երկնքում թուրքական F-16 կործանիչով Ադրբեջանի տարածքից խոցվել է հայկական Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։

Photo. Getty Images