30 սեպտեմբերի 2020 - 11:42 AMT
Վրաստանի ԱԺ պաշտոնյա․ Թբիլիսին չեզոքություն է պահելու ԼՂ խնդրի հարցում

Թբիլիսին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հրադադարի կոչ է անում։ Այս մասին, Sputnik Georgia-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին՝ նշելով, որ Վրաստանը մնալու է չեզոք և չի սատարելու ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։

«Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի այս հակամարտության վերաբերյալ հասկանալի պատճառներով, մենք հատուկ բարիդրացիական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», - ասել է Սեսիաշվիլին:

Նա նաև նշել է, որ Թբիլիսին կտրականապես մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին Վրաստանի տարածքը զենքի տարանցման և իրենց ռազմական նպատակներով օգտագործելու համար, երկու երկիրն էլ ըմբռնումով են վերաբերվել այդ դիրքորոշմանը: