30 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT
Փաշինյան․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպում այս փուլում հնարավոր չէ

Հայաստանը հնարավոր չի համարում այս փուլում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հարցի շուրջ։ Այդ մասին Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման։

«Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել՝ ի վնաս իրենց ազգային շահերի և անվտանգության», - նշել է վարչապետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։