Սեպտեմբերի 29-ին Հայաստանի երկնքում Ադրբեջանի տարածքից թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի խոցած հայկական Սու-25 գրոհիչի զոհված օդաչուն մայոր Վալերի Դանելինն է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ կառույցի՝ սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ:
Ադրբեջանում հայտնվելուց* ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, նաև փաստացի Ադրբեջանի բանակի հարձակվող ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում:
Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
*Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:
Հայաստանը պահանջում է թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց:
Ըստ ԱԳՆ-ի՝ թուրքական զինուժի սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով հայկական օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը:
Կարդացեք նաև՝ Ինչպես է հնարավոր գումարով օգնել Արցախին և հայկական բանակին