30 սեպտեմբերի 2020 - 12:49 AMT
Կառավարությանն առաջարկվում է լիազորել՝ հաստատելու տնտեսության զորահավաքային պլանը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Կառավարությանը լիազորել տնտեսական զորահավաքի պլանը հաստատելու մասով, փոխանցում է Factor.am-ը։

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Այժմ գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։ Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը նաև առավել արդիական է ներկայում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում»,- ասել է նա։

Նախագիծն արդեն իսկ մշակված է և համաձայնեցված էկոնոմիկայի նախարարության հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։