30 սեպտեմբերի 2020 - 13:14 AMT
ՊՆ․ Թուրքական F-16-ների կիրառման ապացույցներ կան՝ Ադրբեջանի կործանիչները չէին կարող լուծել մարտական խնդիրը

Թուրքական F-16-ները ներգրավվել են Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում, քանի որ այդ երկրում եղած կործանիչներն ինչպես հարկն է չէին կարող իրականացնել իրենց առջև դրված խնդիրը, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի երկնքում Ադրբեջանի տարածքից թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը խոցել էր հայկական Սու-25 գրոհիչ։ Զոհվել էր օդաչուն՝ մայոր Վալերի Դանելինը։

Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմն ունի թուրքական F-16-ների կիրառման ապացույցներ, ու դրանք կարող է ներկայացնել միջազգային փորձագետներին՝ ըստ անհրաժեշտության։

Նա հայտնել է, որ Թուրքայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, ԱԹՍ-ներ, որոնք համադրելի չէին Մի-29-ի ու ՍՈւ-25-ի հետ. ըստ Հովհաննիսյանի՝ ոչ մի հակաօդային պաշտպանության միջոց չէր կարող այդ պահին ՍՈւ-25-ը հայտնաբերել, բացի F16-ից։

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ թուրքական F-16-ներն Ադրբեջանում զույգերով են, թե քանիսը կան՝ հայտնի չէ։ ՊՆ-ն գիտի նաև, թե որ երկրի տարածքով են դրանք հասել Ադրբեջան, սակայն կրկին, այս պահին չի հայտարարի։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում` ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների, իսկ Հայաստանի պաշտոնական տեղեկություններին լուրջ չվերաբերողներին «համապատասխան անակնկալներ են սպասվում»։

ՊՆ ներկայացուցիչը բացատրել է նաև, որ F-16-ների կիրառման դեպքում երկրի սահմանը հատել նշանակում է այլ երկրի տարածքից հարված հասցնել։ Ըստ նրա՝ բացարձակ էական չէ՝ F16-ը գտնվել է Վարդենիսի գլխավերևում, թե Գյանջայի, եթե հարված է հասցրել՝ ուրեմն խախտել է օդային սահմանը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ Վարդենիսում ավիացիոն հարվածից հետո մարտական գործողություններ չեն եղել, Տավուշում համեմատաբար հանգիստ է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար». Դրամահավաք է սկսվել