30 սեպտեմբերի 2020 - 14:04 AMT
«Արարատ Արմենիա» -«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ՀՀ-ի փոխարեն կանցկացվի չեզոք երկրում

Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպման վայրը Երևանից կտեղափոխվի Կիպրոսի Նիկոսիա քաղաք։ Պատճառը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը և Արցախում ծավալվող ռազմական գործողություններն են։

Հանդիպման վայրի փոփոխության մասին հայտնել է «Ցրվենա Զվեզդան»: Փլեյ-օֆֆում հաղթողն անցնում է հաջորդ փուլ:

Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը դիմել էր Եվրոպայի ֆուտբոլային միությանը՝ առաջարկելով հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված «Արարատ Արմենիայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպումն անցկացնել իր մոտ կամ չեզոք խաղադաշտում, մասնավորապես՝ Վրաստանում։