30 սեպտեմբերի 2020 - 14:38 AMT
«Ավրորան»՝ ադրբեջանական ագրեսիայի մասին․ Աշխարհը չպետք է անտարբեր լինի

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն ու նախագահները հայտարարություն են տարածել Արցախի նկատմամբ կիրառված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ նշելով, որ աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի։

«Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը և հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածնքների վրա: Համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով և օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում:

Հայտարարությունը ստորագրել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):