30 սեպտեմբերի 2020 - 15:07 AMT
Ադրբեջանից Իսրայել է թռչում ռազմական 2 ինքնաթիռ

Միջազգային թռիչքների մոնիթորինգի Flightradar24 կայքի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին Ադրբեջանից Իսրայել է թռչել բեռնափոխադրող IL-76TD ZP4612-ն (ZP4611 /AZQ4611, Silk Way Airlines), ևս մեկ IL-76TD-90VD-ն Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու, ամենայն հավանականությամբ, կրկին ուղևորվում է դեպի Իսրայել։

IL-76TD ZP4612 ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Ուվդա» օդանավակայանում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին իսրայելական «Ուվդա» օդանավակայանում վայրէջք էր կատարել երկու IL-76 (4K-AZ101 և 4K-78131) ինքնաթիռ։ Ըստ ենթադրությունների՝ դրանք Ադրբեջանին պատկանող ինքնաթիռներ են եղել, որոնք Իսրայել են մեկնել ռազմամթերքով բեռնվելու համար։ Երկու կողմից էլ այդ հարցով պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Ավիաչվերթերի մոնիթորինգի Flightradar24 կայքը վերջին շրջանում աշխատել է խափանումներով, պատճառը հաքերային հարձակումն է եղել։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ այն հասանելի է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։