30 սեպտեմբերի 2020 - 15:15 AMT
Մարտակերտը ռմբակոծվել է. 3 քաղաքացիական է զոհվել

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանը ռմբակոծել է Մարտակերտը, 3 քաղաքացիական անձ է զոհվել, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,-հայտարարել է Պողոսյանը։

Սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։