30 սեպտեմբերի 2020 - 15:51 AMT
Պեսկով․ ՌԴ-ն հավանություն չի տալիս Թուրքիայի՝ Բաքվին աջակցող հայտարարություններին

Ռուսաստանը հավանություն չի տալիս Թուրքիայի հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին։ Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած մենք հավանություն չենք տալիս նման հայտարարություններին, մենք համամիտ չենք դրանց։ Մենք նախկինի պես զսպվածության կոչ ենք անում տարածաշրջանային երկրներին, և հատկապես կոչ ենք անում հակամարտության մասնակիցներին՝ անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ռուս զինվորականները շատ ուշադիր հետևում են այն ամենին, ինչ կատարավում է Լեռնային Ղարաբաղում։

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը շփման գծում, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով վերլուծվում է։ Նաև գրանցվում են բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են բարձրագույն, բարձր մակարդակներում տարբեր երկրներում»,-ասել է Պեսկովը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. TASS