30 սեպտեմբերի 2020 - 16:22 AMT
ՀՀ նախագահը՝ Հորդանանի թագավորին․ Օգտագործել հեղինակությունը՝ դադարեցնելու արյունահեղությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին:

Նա դիմել է Հորդանանի թագավորին՝ օգտագործելու միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անմիջապես դադարեցվեն արնահեղությունը:

«Ցավով և մեծ դժգոհությամբ պետք է Ձեզ տեղեկացնեմ, որ Ադրբեջանը հերթական հարձակումն է սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը: Մինչ ես գրում եմ այս նամակը, երկու կողմերում էլ տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորականներ արդեն սպանվել են կամ վիրավորվել»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ նախորդ ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):