30 սեպտեմբերի 2020 - 17:30 AMT
Սեպեմբերի 27-ից հետո զորակոչվածների կամ կամավորների վարկերը չմարվելու դեպքում ուշացում չեն համարվի

Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի: Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սեպտեմբերի 27-ին Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը նման որոշում է կայացրել։

«Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի», - ասված է Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։