30 սեպտեմբերի 2020 - 17:58 AMT
Պոլսահայերն անհանգստացած են․ Թիրախ են դառնում

Ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Թուրքիայից հնչող բազմաթիվ հակահայկական և Ադրբեջանին աջակցող հայտարարություններն այդ երկրի հայ քաղաքացիներին թիրախ են դարձնում, հայտարարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը, փոխանցում է Ermenihaber-ը։

«Բախումների առաջին ժամերից սկսած աշխարհը հրադադարի կոչ էր անում, ԱԶԿ-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) ու հանրապետության նախագահ ՌեՋեփ Թայիփ Էրդողանը և մի շարք պաշտոնյաներ, կրակի վրա յուղ լցնելով, աջակցություն հայտնեցին պատերազմին»,- ասել է Փայլանն ու ավելացրել, որ այդպիսով թիրախավորվում են նաև Թուրքիայի հայ քաղաքացիները:

Պատգամավոր Փայլանն այս թեմայով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել խորհրդարան, որում հարցրել է, թե ինչու է այդ երկիրը պատերազմի կոչ անում, երբ աշխարհը հրադադարի կոչ է անում։ Փայլանը փորձել է ճշտել նաև Սիրիայից Ադրբեջան ուղարկված ջիհադիստների մասին լուրը։

Ավելի վաղ պոլսահայերի անհանգստությունների մասին խոսել է նաև հայկական «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը:

«Դա կլինի Ղարաբաղի հարցը, թե կլինի, օրինակ, ԱՄՆ-ի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձև, ցավոք այդպիսի դեպքերում Թուրքիայի հայերը միանգամից զգում են սլաքների՝ դեպի իրենց ուղղվելը: Եվ դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում նրանց շրջանում»,- հայտարարել Է Տանձիկյանը:

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատան գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն էլ նշել է, որ Թուրքիայի ոչ վաղ անցյալը լի է բռնությամբ, սպանություններով, պոգրոմներով, կոտորածներով ու մահափորձերով, ինչի պատճառով միշտ վախ կա, որ այստեղ հնչեցված ատելության խոսքը կարող է գործողության վերածվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Անդրբեջանի սնաձազերծածա պատերազմին անմիջականորեն մասնակցում է նաև Թուրքիան։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):