30 սեպտեմբերի 2020 - 18:15 AMT
ՀՀ նախագահն ադրբեջանական ագրեսիայի մասին նամակ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի Պահապան Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին:

Հայաստանի նախագահը դիմել է Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի րոպե առաջ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:

Նամակներում նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակչությանը:

Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնել այս օրերին Թուրքիայի ղեկավարության հռետորաբանության առնչությամբ՝ ընդգծելով, որ թուրքական կողմը փորձում է հակամարտությունն օգտագործել սեփական շահերն առաջ տանելու նպատակով:

Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է հղել արաբական մի շարք երկների ղեկավարներին՝ Հորդանանի թագավորին, Բահրեյնի թագավորին, Եգիպտոսի նախագահին, Աբու Դաբիի թագաժառանգին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։