30 սեպտեմբերի 2020 - 21:56 AMT
Լավրովը Մոսկվա է կանչում Մնացականյանին ու Բայրամովին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների և 3 երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լավրովն ասել է՝ Մոսկվան թե ազգային մակարդակով, թե որպես ՄԽ համանախագահ շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի՝ դիվանագիտական մեթոդներով լուծման համար։

Կոչ է արվել անհապաղ դադարեցնել կրակն ու նվազեցնել լարվածությունը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։