30 սեպտեմբերի 2020 - 23:40 AMT
Ադրբեջան տարված վարձկանը BBC-ին պատմել է հավաքագրման, խաբեության ու զոհերի մասին

Միջազգային մամուլում նոր վկայություններ են հայտնվում՝ Ադրբեջանի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսից մարտիկներ ուղարկելու մասին։ Այս անգամ BBC-ի արաբական ծառայության լրագրողը զրուցել է Մերձավոր Արևելքից Աբդուլի հետ (անունը փոխված է)։ Լրագրողը պատմում է, որ Աբդուլն ասել է, թե տեղյակ չի եղել՝ պետք է կռվեին։

Աբդուլը նամակներին գաղտնի և հապշտապ է պատասխանել, ապա կորել կապից, նրանց պահել են հայ-ադրբեջանական սահմանի մոտ, իրենց հավաքատեղիում խիստ հսկողություն է սահմանված եղել։

Նշվում է, որ նա 100 սիրիացուց մեկն է՝ 17-ից 30 տարեկան, որոնք սեպտեմբերի 23-ից թուրքական բանակի և Սիրիայի հյուսիսում գործող «Սիրիական ազգային բանակի» հրահանգով ուղարկվել են Ադրբեջան՝՝ ադրրբեջանական ուժերի հետ կռվելու։

Սիրիայի մարդու իրավունքների հարցերով մշտադիտարկման կենտրոնը գրում է, որ որոշ զինյալների ուղարկել են ադրբեջանցի շիականների և քրիստոնյա հայերի միջև կոնֆլիկտի անվան տակ։ Նրանք երկու էթնիկ թյուրքմենական զինված՝ Սուլթան Մուրադ և Սուլեյման շահ խմբերից են։

Նշվում է, որ Աբդուլը ֆինանսական խնդիրներ է ունեցել, ինչպես բազմաթիվ մարդիկ՝ հյուսիսային Սիրիայից։ Դրա համար էլ «աշխատանքի» է ընդունվել Ադրբեջանում՝ ամսական $2000-ով, բայց պատկերացում չի ունեցել՝ իրեն ինչ է սպասվում։

Նրանց ասել են, որ Ադրբեջանում պահպանելու են ռազմական օբյեկտներ։ Նրանց տեղափոխել են Սիրիայի հյուսիսային գյուղերից մեկից՝ խլելով հագուստը, հեռախոսը, փողը, այնպես, որ ինքնությունը չհաստատվի։ Սակայն նրան հաջողվել է հեռախոսը վերադարձնել՝ ընտանիքի հետ շփման համար։

Իրենց իջեցրել են թուրքական Անտեպի օդանավակայանում, որտեղից ինքնաթիռով տարել են Ստամբուլ, ապա՝ ադրբեջանական ինքնաթիռով՝ Ադրբեջան։ Այդ ժամանակ պատերազմ չէր։

Նրա խոսքով՝ իրենց հագցրել են ադրբեջանական բանակի համազգեստ, նստեցրել զրահափոխադրիչներ և մեկական «Կալաշնիկով» ինքնաձիգ տվել։ Ըստ Աբդուլի՝ Ադրբեջան մեկնածների մեծամասնությունը փողի կարիք ունեցող աղքատ քաղաքացիականներ են։

«Մեքենան կանգնեց և մենք զարմացած էինք, որ կրակի գծում էինք, մենք անգամ չգիտեինք՝ որտեղ է հակառակորդը։ Մեր կողքին արկ ընկավ, որից 4 մարդ զոհվեց և 3-ը մահացավ»,- ասել է նա՝ նշելով, որ հավաքատեղիում տեսել է տասնյակ սիրիացիների դիեր, 70 վիրավորի՝ զուրկ բժշկական օգնությունից։

BBC Arabic-ի՝ Սիրիայի հյուսիսիսում տեղական աղբյուրները հայտնել են, որ որոշ ընտանիքներ տեղեկություն են ստացել հարազատների մահվան մասին։ Վարձկանները խնդրել են իրենց վերադարձնել հայրենիք, բայց նրանց սպառնացել են երկար տարիների բանտարկմամբ, եթե չկռվեն սահմանին։

BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսեր Ռիյամ Դալաթին թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է, իր ենթադրությամբ, Ադրբեջան ուղարկված զինյալների լուսանկարներ, ինչպես նաև նրանցից մեկի ֆոտոն՝ մահացու վիրավորում ստանալուց հետո։