1 հոկտեմբերի 2020 - 11:56 AMT
Կանադայում հետաքննում են երկրի տեխնոլոգիաներն Արցախում կիրառելու հարցը

Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը կարգադրել է հետաքննել մեղադրանքները, ըստ որոնց կանադական տեխնոլոգիան կիրառվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ հայերի դեմ։

Հայ-ադրբեջանական սահմանի և Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիների կողմից օգտագործվող թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերում կանադական արտադրության դետալներ կան, օրինակ՝ օպտիկական բաղադրիչներ։

CTV News-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է Կանադայի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո, թե քաղաքացիական բնակչության և զինվորականների դեմ օգտագործվող թուրքական անօդաչուներում կանադական արտադրության ընկալող-հաղորդող սարք (датчик) է տեղադրված։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։