1 հոկտեմբերի 2020 - 13:27 AMT
Թամոյան․ Եզդիները հայ ժողովրդի կողքին են

Եզդիները ինչպես Արցախյան առաջին և Ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա կանգնած են հայ ժողովրդի կողքին: Այդ մասին Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։

Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):