1 հոկտեմբերի 2020 - 13:31 AMT
Ստավրիդիս. ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալով՝ հայերը լուրջ բախման դեպքում կհաղթեին Ադրբեջանին

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ, իր պաշտոնավարման ընթացքում հետախուզության ունեցած տվյալներով և վերլուծություններով՝ Ղարաբաղում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեն ադրբեջանցիներին:

«ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարվա ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են ծույլ ռազմական հարձակումներ, որոնք հայերը կասեցրել են հեշտությամբ: Մեր հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ հայերը գրեթե հաստատ կհաղթեին, եթե բախվեին լուրջ հակամարտության»,- ասել է նա, փոխանցում է Bloomberg-ը:

Ստավրիդիսը նշել է, որ շատերին կարող է թվալ, թե այս հակամարտությունն աննշան բախում է աշխարհի հեռավոր անկյունում, սակայն իրականում այն զգալի հետևանքներ է ունենում տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ շուկայի և աշխարհի երկու խնդրահարույց լիդերի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբիցիաների վրա։ Նա նշում է, որ Ռուսաստանը կողմերի վրա հանգստացնող ազդեցություն ունի։