Ռուսական «Դոժդի» գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այլ միջազգային լրագրողների հետ Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կողմի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցը՝ նշելով, որ լրագրողը չի տուժել և հիմա ապաստարանում է։
Ելովսկու հետ այլ օտարերկրյա լրագրողներ են եղել, այդ թվում՝ Լիբանանից, լրագրողները տարբեր մեքենաներով են եղել։
Լրագրողներին ցույց են տրվել սեպտեմբերի 27-ին և 28-ին հրետակոծված տները, այնուհետև նրանք կանգնել են քաղաքի կենտրոնում՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, և այդ պահին տասնյակ մետրից լսել են պայթյունների ձայներ։ Լրագրողները վազել և պատսպարվել են մոտակա նկուղում։
Եվլովսկին հայտնել է, որ վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրողները եղել են այլ մեքենայում։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում, որտեղ կանգնած էին լրագրողները, եղել են նաև խաղաղ բնակիչներ:
Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ Մարտունիում ադրբեջանական հրետակոծության տակ է ընկել լրագրողների խումբ, Le Monde-ի երկու լրագրող վիրավորվել է և տեղափոխվում է հիվանդանոց։ Վիրավորվել է նաև հայկական «ԱրմենիաTV-ի» օպերատորը։