1 հոկտեմբերի 2020 - 15:15 AMT
Ֆրանսիայում չեն բացառում Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները Միջերկրականում գործողությունների պատճառով

Եվրամիությունը պետք է կոշտ դիրքորոշում ունենա Թուրքիայի հարցով՝ Միջերկրական ծովում իրավիճակի շուրջ։ Հնարավոր է, որ կիրառվեն նաև պատժամիջոցներ։ Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի կրտսեր նախարար Կլեմենտ Բոնը։

«Կարճաժամկետ հեռանկարում պետք է լինեն որոշման ազդակներ: Տեսնենք՝ պատժամիջոցներ կլինե՞ն, թե` ոչ», - ասել է Բոնը:

ԵՄ անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-ին և 2-ին Բրյուսելում քննարկելու են Արևելյան Միջերկրականի լարվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունները։

Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով էր ուղարկել «Օրուչ Ռեիս» նավը՝ Կիպրոսի և այլ երկրների բացառիկ տնտեսական գոտիներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար։ Այդ քայլով կրկին սրվել էին թուրք-հունական հարաբերությունները։

Ավելի ուշ՝ սեպտեմբերին, թուրքական նավի նավահանգիստ վերադարձով թուլացել էր լարվածությունը։ Թուրքիան և Հունաստանը համաձայնել էին բանակցել Միջերկրականում լարված իրավիճակի շուրջ: