1 հոկտեմբերի 2020 - 15:37 AMT
Սոցապ նախարարության հորդորը՝ որդեգրելու կոչերով չխթանել երեխաների ապօրինի վաճառքը

ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող ծնողներից զրկված երեխաների որդեգրելու կոչով գրառումներին, հորդում է զգոն և աչալուրջ լինել նման բովանդակությամբ բոլոր հրապարակումների վերաբերյալ:

«Մի՛ տարածեք նման գրառումները, մի՛ խթանեք երեխաների ապօրինի որդեգրումը (վաճառքը): Ռազմական դրությունը մարդկանց չի ազատելու քրեաիրավական պատասխանատվությունից՝ նման գործողությունների համար»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ երեխաների որդեգրման գործընթացը Հայաստանում այսուհետ և միշտ լինելու է բացառապես պետական կառույցների անելիքը՝ անկախ հանգամանքներից, անկախ անգամ պատերազմից:

Նախարարությունը հորդորում է նման գրառումների հանդիպելիս ուղարկել դրանք կամ ոստիկանություն, կամ Ազգային անվտանգության ծառայություն, կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։