1 հոկտեմբերի 2020 - 17:22 AMT
Էրդողանն անընդունելի է համարել ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ԼՂ-ում հրադադարի հասնելու կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։

«Անընդունելի է, որ այժմ Մինսկի խումբը պահանջում է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք պետք է պահանջեն, որ Հայաստանը սկզբից դուրս գա Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը կոչ է արել Հայաստանին «հրաժարվել Թուրքիայի հասցեին ստի ու ապատեղեկատվության հոսքից»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։