Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են Արցախի Մարտունի քաղաքում վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիան ինքնաթիռ է ուղարկելու։ «Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի։ Ամեն ինչ անում ենք, որ վիրավորների վիճակը տեղում կայունացվի մինչև տարհանումը»,-ասել է Մակրոնը Բրյուսելում, որտեղ մասնակցում է ԵՄ գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակից Ալան Կավալի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում: Նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում:
Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։