1 հոկտեմբերի 2020 - 17:32 AMT
Մակրոն․ Իսլամիստները թուրքական Ղազիանտեպից Ղարաբաղ են գնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «հստակ տեղեկատվություն» ունեն, որ սիրիացի գրոհայինները Թուրքիայից մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։

Մակրոնն այդ մասին հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ գագաթնաժողովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ սիրիացի գրոհայիները լքել են մարտի դաշտը թուրքական Ղազիանտեպում՝ միանալու համար Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին։ Սա շատ լուրջ է։ Առաջիկա ժամերին քննարկելու ենք դա գագաթնաժողովում»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։