1 հոկտեմբերի 2020 - 18:04 AMT
ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանին կառույցում դիտորդի կարգավիճակից զրկելու

Հայաստանի Ազգային ժողովը դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին կառույցի դիտորդի կարգավիճակից զրկելու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Դիմելու պատճառն Աֆղանստանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարություններն են։

ՀԱՊԿ-ում Աֆղանստանը դիտորդ է դարձել 2013-ին։

ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու, այն դադարեցնելու իրավունքը գերագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդինն է, որոշումը կայացվում է կոնսեսուսով։ Դիտորդներն այն պետություններն ու կազմակերպություններն են, որոնք «հետաքրքրված են» կառույցի իրավական բազայի և գործունեության փորձի ուսումնասիրմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։