1 հոկտեմբերի 2020 - 21:15 AMT
Լավրովն ու Չավուշօղլուն կողմ են Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով ու նրա թուրք պաշտոնակից Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ու կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, փոխանցում են ՌԴ ԱԳՆ-ից:

Նախարարները շեշտել են, որ այլ տարածաշրջաններից զինված խմբավորումների ներգրավվածությունն անթույլատրելի է ԼՂ հակամարտությունում։

Նրանք նշել են, թե ծայրահեղ հավասարակշռված քայլեր են պետք՝ Բաքվին ու Երևանին քաղաքական և դիվանագիտական աջակցություն հատկացնելու առումով:

Ռուսական կողմն ուշադրություն է դարձրել ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի էր համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հրադադարի հասնել Լեռնային Ղարաբաղում։ Նա ասել էր, թե Թուրքիան «կշարունակի սատարել Ադրբեջանին «երկու պետություն՝ մեկ ազգ» սկզբունքի հիման վրա»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։