1 հոկտեմբերի 2020 - 20:57 AMT
ԱԱԾ․ Արցախ մուտքը կթույլատրվի միայն համապատասխան փաստաթղթով

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից Արցախ մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ, գործում են հսկիչ անցակետեր։

Նշված անցակետերով Արցախ մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինկոմիսարիատների նախաձեռնությամբ:

Կամավորները, որոնք տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

«Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը», - նշում է ԱԱԾ-ն:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։