2 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT
ԵԱՀԿ ՄԽ. Քաղանձանց վրա հարձակումներն անթույլատրելի են, պահպանեք միջազգային պարտավորությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական հայտարարությունում նշել են՝ քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են ցանկացած պարագայում։ Նրանք խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ:

Համանախագահներն անհանգստություն են հայտնում քաղբնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ լուրերի կապակցությամբ: Նրանք կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղբնակչության պաշտպանության հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները։

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը։

Վկայակոչելով երեք համանախագահ երկրի՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարությունը՝ համանախագահները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների կրկին վերսկսել առարկայական բանակցությունները:

Բացի այդ, կողմերին կոչ է արվում անհապաղ հասնել հումանիտար հրադադարի, որ ԵԱՀԿ-ի և Կարմիր խաչի համատեղ ջանքերով ապահովվի զոհվածների աճյունների վերադարձը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։