5 հոկտեմբերի 2020 - 14:08 AMT
Սիրիացի ևս 430 վարձկան է տեղափոխվել Արցախ․ 53-ի դիերը հետ են տարել

Սիրիայից Արցախյան հակամարտության գոտի է տեղափոխվել վարձկանների 3-րդ՝ 430 հոգանոց խումբը, ավելի վաղ տեղափոխված 322-ից 93-ը սպանվել են, 53-ի դիերը փոխանցվել են այդ երկրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրները:

«Նախօրեին՝ կիրակի, 53 վարձկանի դի է տեղափոխվել Սիրիա։ Այսպիսով, սպանված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը 93 է», - ասել է աղբյուրը։

Սիրիական ընդդիմության մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ղարաբաղում է «լավ համալրված» սիրիացի 322 վարձկան:

Ադրբեջանի բանակում Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների ներկայության ու հակամարտության գոտում կռվելու մասին ավելի վաղ հայտարարվել է նաև պաշտոնական մակարդակով․ այդ մասին խոսել է Արցախի նախագահ Արայիկ Հարույթունյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, միջազգային տասնյակ լրատվամիջոցեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։