6 հոկտեմբերի 2020 - 13:03 AMT
Amnesty International․ Արցախի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արգելված կասետային զինամթերք

Amnesty International կազմակերպության մասնագետներն ուսումնասիրություններով պարզել են, որ Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ կիրառվել է իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանցով կրակել է ադրբեջանական կողմը։

Հակառակորդն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառում է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնում։ Հայկական կողմն արգելված զինամթերքի կիրառումը փաստող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել։

Հոկտեմբերի 4-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դիմել էր միջազգային հանրությանը` ևս մեկ անգամ բարձրաձայնելով արգելված զինամթերքի կիրառման հարցը, և հորդորելով կույր չլինել։

Կասետային զինամթերքը բաղկացած է կոնտեյներից, որն օդում բացվում է և տարածության վրա փնջով սփռում բազմաթիվ ռազմամթերք: Այն կարող է կիրառվել օդից նետման կամ հրետանու և հրթիռների միջոցով։

Ադրբեջանն արկեր է կիրառել նաև իսրայելական արտադրության LAR-160 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտում կամ ցանկացած վայրում կասետային զինամթերք հանդիպելու դեպքում ձեռք չտալ դրանց:

Աշխարհում այս զինամթերքի հիմնական թիրախը խաղաղ բնակչությունն է։ Այն հատկապես վնասում է քաղաքացիականներին։

Կասետային զինամթերքի կիրառումն արգելված է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքով, այլև 2008 թվականին ընդունված Կլաստերային Զինամթերքի Մասին Միջազգային Կոնվենցիայով։ Դրանով խստիվ արգելվում է կասետային զինամթերքի կիրառումը, տեղափոխումը, արտադրությունը, պահումը և պահեստավորումը։ Այն ստորագրել է 100-ից ավելի երկիր։

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ իր երկրի տարածքում չի արտադրում, պաշար չի հավաքում և չի օգտագործում նման տեսակի զինամթերք, բայց տարածաշրջանային անվտանգությամբ պայմանավորված դեռ չի ստորագրել կոնվենցիան՝ ակնկալելով փոխադարձության սկզբունքը։

Կարդացեք նաև` Ադրբեջանը խախտում է հումանիտար իրավունքը և խաղաղ բնակչության դեմ կիրառում արգելված փնջային զինամթերք