7 հոկտեմբերի 2020 - 10:46 AMT
Ադրբեջանական ստորաբաժանման ջախջախման լուսանկարները

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ադրբեջանական ստորաբաժանման ջախջախման լուսանկարներ է հրապարակել։

«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ։ Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»,-ասվում է գրառման մեջ։

Գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։