Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո, իբրև Հունաստանն իր տարածքում հանդուրժում է ահաբեկիչների։ Reuters-ի փոխանցմամբ՝ հունական կողմը նման պնդումներն ամբողջությամբ անհիմն ու վիրավորական է որակել։
Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ խիստ բողոք է ներկայացվել նաև Հունաստանում Ադրբեջանի դեսպանին, իսկ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Աթենք՝ խորհրդակցությունների:
Ադրբեջանը հայտարարել էր, որ հունական կառավարությունը հանդուրժողականություն է դրսևորում ԼՂ բախումներում Ադրբեջանի նկատմամբ հունական տարածքից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների, զինյալ-ահաբեկիչների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների նկատմամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։