Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը, Բաքուն նման մտադրություն չի հայտնել, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գեներալ-մայոր Հուսեյին Մահմուդովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խաղաղապահների մասով կցանկանայի պատասխանել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը։ Խաղաղապահների տեղակայման համար անհրաժեշտ է երկու կողմի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը նման մտադրություններ չի հնչեցրել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 4-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղապահների հարցը պետք է քննարկվի կարգավորման ավելի ընդարձակ ենթատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։