ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ անհրաժեշտ է կասեցնել ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների և ահաբեկիչների ներթափանցման փորձերը։ Այդ մասին նա ասել է ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովստին։
«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ԱՊՀ տարածքում և չենք կարող թույլ տալ, որ դրանք փլուզվեն։ Այժմ առաջնահերթ խնդիրը մարդկանց և նրանց արժանապատիվ, խաղաղ, անվտանգ կյանքը պաշտպանելն է՝ այդ թվում կասեցնելով հակամարտության գոտի վարձկանների և ահաբեկիչների, ահաբեկչական ակտերը ֆինանսավորող և զենքի ապօրինի շրջանառությունից շահույթ ստացող անձանց ներթափանցման ցանկացծ փորձ»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազը։
Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից և որոնք հավաքագրվել և տեղափոխվել են հակամարտության գոտի, մարտական գործողությունների գոտի Թուրքիայի կողմից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։