9 հոկտեմբերի 2020 - 15:05 AMT
ՀՀ նախագահը՝ Fox News Channel-ին․ Թուրքիան, ադրբեջանական «ձեռքերով», ցեղասպանության ևս մեկ փորձ է անում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան Fox News Channel հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ 1915-ի ցեղասպանությունը կրկին սպառնում է հայերին, քանի որ նրանք կրկին վախի և դառնության զգացում ունեն Լեռնային Ղարաբաղի՝ նոր թեժացած իրավիճակում Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ:

Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը մտադրություն չունի հրաժարվելու Լեռնային Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքից. «Սա մի կռիվ է, որ նրանք կմղեն երկար ժամանակ, ինչպես իրենք են ասում՝ մինչև մահ: Աշխարհում ցանկացած հայ կաջակցի այս պայքարին շատ պարզ պատճառով. նրանք տեսնում են, որ Թուրքիան, օգտագործելով ադրբեջանական «ձեռքերը», ցեղասպանության իրագործման ևս մեկ փորձ է անում»:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, սակայն վերջին երկու շաբաթվա բռնկումը մեծ անհանգստություն է առաջացրել ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող մարդկանց համար, քանի որ այն սպառնում է այս հակամարտություն ներքաշել ավելի մեծ տարածաշրջանային խաղացողների, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը՝ երկու հարևանները: Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, որ իր որոշ քաղաքացիներ գնացել են միանալու կռվին, ինչն անհանգստացնում է Ռուսաստանին և Իրանին:

Սարգսյանն ասել է, որ այդ երկրները կարևոր դերակատարում ունեն՝ օգնելու վերականգնել խաղաղությունը: Նմանօրինակ դեր ունի նաև ԱՄՆ-ն:

«Կարևոր է, որ նախագահ (Դոնալդ,- խմբ) Թրամփն իր ներդրումն ունենա այսօր, քանի որ մենք Հայաստանում և Ղարաբաղում չենք կարող սպասել մինչև ամերիկյան ընտրություններ: Մենք այսօր ամերիկյան խոսքի և Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու կարիքն ունենք»,- նշել է նա:

Հայաստանի նախագահը հավելել է՝ եթե Թուրքիան հաջողի, «նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա և հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ:

«Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի և կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան ևս կդառնա գերի»,-ասել է նա:

Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները՝ գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով, ինչպես նաև կողմերի արտգործնախարարներին հրավիրել ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։