19 փետրվարի 2009 - 12:34 AMT
«Արեւելյան գործընկերությունը» նոր ուղիներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրամիությունում նախագահող Չեխիա կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Պրեմիսլ Սոբոտկայի հետ: Հանդիպման ժամանակ Պրեմիսլ Սոբոտկան գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության կապակցությամբ եւ ասաց, որ այս տարի ՀՀ ԱԺ նախագահի Չեխիա կատարելիք այցելությունը նոր թափ կհաղորդի դինամիկ զարգացող հայ-չեխական հարաբերություններին:
Նախարար Նալբանդյանը, ընգծելով վերջին շրջանում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման միտումները, ասաց, որ խորհրդարանները կարեւոր դեր ունեն երկկողմ համագործակցության ամրապնդման եւ խորացման գործընթացում: Որպես խորհրդարանների միջեւ համագործակցության հաջողված օրինակ` նախարար Նալբանդյանը նշեց 2008 թ. դեկտեմբերին Չեխիայի Սենատում Պրեմիսլ Սոբոտկայի աջակցությամբ եւ հովանավորությամբ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպումը եւ շնորհակալություն հայտնեց Սենատի նախագահին այդ նախաձեռնության համար:
Պրեմիսլ Սոբոտկան եւ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ հարաբերություններին: Երկուստեք շեշտվեց, որ ԵՄ Արեւելյան գործընկերության առաջարկը նոր ուղիներ է բացում համագործակցության խորացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: