15 հոկտեմբերի 2020 - 13:26 AMT
Վարդենիսում զինտեխնիկային հարվածելու արդյունքում 2 զինծառայող է զոհվել, 10-ը՝ վիրավորվել

Հոկտեմբերի 14-ին Վարդենիսի տարածաշրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային հակառակորդի հարվածի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 10 զինծառայող, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

ԱԹՍ-ի հարվածի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 14-ին, դրա հետևանքով նաև խոցվել էր ՀՀ տարածքում մարտական գործողության մեջ չգտնվող զրահատեխնիկա։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից նաև 14-ամյա երեխա էր տուժել։

Դատախազությունից նշում են, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ։

«Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել Հայաստանի տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված 11 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ-ում քրգործեր են հարուցվել ՔՕ մի շարք հոդվածներով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։